Լեհաստանի առաջին տիկինը Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ

Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագատա Կորնհաուզեր-Դուդան նոյեմբերի 28-29-ը եղել է Հայաստանի Հանրապետությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատնից, օդանավակայանում հյուրին դիմավորել են Երևանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար պարոն Պարույր Հովհաննիսյանը։

Այցի երկրորդ օրը Լեհաստանի նախագահի տիկինը հանդիպել է Հայաստանում լեհական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև աշակերտների և լեհերեն լեզուն ուսուցանող ուսուցիչների հետ։ «Օգնություն Արևելքի լեհերին» ծրագրի շրջանակներում նախագահի կինը նյութական օգնություն է փոխանցել համայնքին, ինչպես նաև կրթական և ուսումնական պարագաներ:  

Երևան կատարած այցի ընթացքում Լեհաստանի առաջին տիկինն այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թվականին մի խումբ կամավորների կողմից, ովքեր միավորվեցին՝ օգնելու աղետալի երկրաշարժից և Արցախյան պատերազմից տուժածներին ու փախստականներին։

Փախստականների հետ զրույցի ժամանակ առաջին տիկինը հետաքրքրվել է, թե որոնք են ներկա պահին ամենահրատապ պահանջները, ինչպիսի իրավիճակում են գտնվում այսօր և ինչ ակնկալիքներ ունեն ապագայի առնչությամբ:

Հանդիպմանը ներկա էին կազմակերպության փոխտնօրեն Ալլա Հարությունյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչները։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետ կապված՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը, համագործակցելով վարչապետի գրասենյակի, Լեհաստանի Հանրապետության ռազմավարական ռեզերվների պետական գործակալության և Ազգային պաշտպանության նախարարության հետ, ի թիվս այլոց իրականացրել է փախստականների համար մարդասիրական փոխադրումներ։ Ի պատասխան ՄԱԿ ՓԳՀ-ի կոչին տրամադրվել է 300.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն։  Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը, համագործակցելով «Հայկական Կարիտաս»-ի հետ, տրամադրել է հատուկ օգնություն Լեռնային Ղարաբաղի մի խումբ փախստականների համար, ովքեր ներկայումս բնակվում են Տեղ համայնքում։

Այցի վերջում Լեհաստանի առաջին տիկինը մասնակցել է Հայաստանում լեհ համայնքի ներկայացուցիչների կողմից պատրաստած համերգին։ Ելույթ է ունեցել «Պոլոնիադա» երգչախումբը։ Համերգային մասից հետո Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախագահի կինը ծանոթացել է հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի կյանքին և ստեղծագործական գործունեությանը։

© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples