Եվ դարից երկար է ձգվում...

1923 թվականից գործող Արցախի մայր թերթը մեր ազգային-ազատագրական շարժման տարիներից ի վեր դադարել է սոսկ պարբերական լինելուց։Այն անձնավորվել է ժողովրդի վստահությամբ ու զինվորագրվել պայքարին, դարձել մարտնչող, փորձություններից առավել համարձակ դրսևորվող ոգեղենություն։

 Խոսքի նկատմամբ պատկառանք ունեցող արցախցին, ինչպես 88-ին, այնպես էլ մեր դժնի ժամանակներում, հավատում է մայր թերթի աննահանջ ոգուն, որը կարող է վհատության անդունդից անգամ ազատության դրոշ պարզել ու հաղթանակի կոչել։

Հատկանշական է, որ թերթի մեկդարյա գործունեությունը միայն տվյալ ժանամակահատվածը չէ ամփոփում, դրանից արտածվող հետագծի տիրույթն առավել ծավալուն է... Դրանում համոզվել է տողերիս հեղինակն իր յուրատեսակ ճամփորդությամբ։

Անցյալ դարի 30-ական թվականների արցախյան մամուլին անդրադարձի առիթը մերօրյա հանրային ռադիոյի ծննդյան տարեթվի ճշտումն էր։ Քանիցս անդրադարձել ենք այդ թեմային՝ ամեն անգամ էլ ներկայացնելով տարբեր տարեթվեր` միաժամանակ համոզված չլինելով դրանց հավաստիությանը։ Ստեփանակերտցի տարեցների հիշողությունը հետաքրքիր և նոր անհայտ էջեր է բացել, բայց ոչ ոք ստույգ չի հիշել սկիզբը, առաջին եթերը, առաջին աշխատողներին, առաջին տնօրենին։ Այն համոզմամբ, որ 1923 թվականից լույս տեսնող մարզային թերթը՝ «Խորհրդային Ղարաբաղ», երևի, հաճախ է անդրադարձել զանգվածային մյուս լրատվամիջոցի աշխատանքին, փորձեցինք թերթի համարներում փնտրել անհրաժեշտը։

 Պարզապես այսօր ափսոսալ կարելի է, որ հանրապետական ընթերցասրահում պահվող թերթի արխիվը սկսվում է 1932 թվականից, այսինքն՝ հնարավորություն չունենք տեսնել թերթի առաջին համարը և աստիճանաբար հետևել նոր գործունեությանը, ասել է թե՝ հայացք ձգել մարզի պատմությանը՝ մինչ վերոհիշյալ թվականը։ Ինչ խոսք, մեր փնտրտուքը մեկ-մեկ հաջողությամբ էր պսակվում, քանզի թերթի համարներում տեղ գտած, թեկուզև սուղ տեղեկությունները ռադիոյի մասին անչափ արժեքավոր են և իրենցով ուրվագծում են սեփական արխիվը չունեցող, բայց համարյա դարակազմիկ պատմություն ունեցող ռադիոյի եթերային ճանապարհը։ Հիրավի, անկարելի է թերթել սեփական ժողովրդի տարեգրությունը՝ արված «Խորհրդային Ղարաբաղ» պարբերականի կողմից՝ առանց հայացք սևեռելու հրապարակումներին։ Անհնար է անժպիտ ընթերցել մեր օրերի համար միամիտ ու անիմաստ երևացող երևույթներն արտացոլող հոդվածները, որոնք ժամանակին առանցքային էին։ Այդ շարքում են անգրագիտության վերացումը, մատուռներում մատաղ անելը, խաչակնքելը, մոմ վառելը։ Թերթի գրեթե յուրաքանչյուր համարում կան նման հրապարակումներ։ Եվ երևույթները գնահատվում էին ոչ ավել, ոչ պակաս, քան՝ «օպորտունիստական վերաբերմունք» կուսակցության գաղափարախոսության նկատմամբ։ Իսկ շրջապատի ամեն ինչը վերանվանվել էր բոլշևիկյան։ Օրինակ՝ գյուղերից տրված լրատվություններում բերքահավաքը, վարուցանքը, այգեկութը, նույնիսկ անասնապահությունը «բոլշևիկյան» անունն էին կրում։ Մարդկանց կամ գովում էին, կամ էլ պատասխանատվության կանչում՝ բոլշևիկյան աշնանացանը տապալելու, հաճախ էլ՝ սեփական անասունը մորթելու և ծախելու համար։ Որքան էլ մարդ արդարանա, որ այդ արել է քաղցած երեխաների համար հաց հայթայթելու նպատակով՝ պատշաճը համարվում էր ոչ կարևոր, իսկ քայլը որակվում՝ անհնազանդություն։

 Քայլելով թերթի հրապարակումների հետևից՝ հետզհետե երկրում տիրող իրադարձությունների ֆոնի վրա պարզորոշ է դառնում, որ «զտման» աշխատանք է սկսվել նաև Արցախում։ Մարդկանց այս անգամ պատասխանատվության էին կանչում ոչ թե պլանային որևէ աշխատանք ձախողելու համար, այլ որպես բոլշևիկյան կուսակցության հակառակորդների։ Թերևս մեր սերունդն անձի պաշտամունքի սև տարիների մասին միայն կցկտուր տեղեկություններ ուներ մինչև 1988 թվականը։ Կուռքերը դղրդոցով տապալվեցին մեր ազգային-ազատագրական շարժման հզորութունից։ Սակայն ավագ սերնդի մտապատկերում դեռևս ողջ էր այդ նույն կուռքերի շուրջ հյուսած անսխալության ու մարդասիրության առասպելը, որի կեղծ ու նանիր էությունը պիտի երիցս ցավալի և ողբերգական անդրադառնար արցախցիներիս ճակատագրին։ Մայր հայրենիքից բռնի պոկված դրախտային այս հողակտորը ժողովուրդների բարեկամություն խաղալու տեսարանում մեծ տերության գաղափարախոսության սնանկությունը պիտի փաստեր, և հենց նաև մեր ձեռքով պիտի աներևութանար սեփական պատմությունը մոռացության տալու ազգերի ծաղկման տեսիլքը։ Այդ ամենը՝ դարավերջին, բայց անցած հարյուրամյակի 30-ական թվականներին Արցախում նորանոր անուններ էին ասպարեզ հանում, ավելի ճիշտ՝ զոհասեղանին դնում։ Առաջին հայացքից անմեղ թվացող երևույթները՝ երևակայության մեջ ուռճացվել էին անհավատալի չափերով ու սպառնացել մարդկանց՝ նրանց անունները թիրախ դարձնելով։ Վերջիններիս կյանքը վերածվել էր ծանր մղձավանջի, աքսորից ողջ վերադառնալն էլ ահեղ փորձության ավարտը չէր։ Նրանք շարունակում էին շրջապատի համար խորթ երևալ՝ այդպես էլ չհասկանալով իրենց բաժին հասած անմեղ մեղավորի ողբերգական դերակատարության իմաստը։ Լրագրողի իմ աշխատանքում հաճախ եմ առնչվել բռնադատվածների հետ, ծանոթացել նրանց ապրած ոդիսականին և նրանց մասին գրած ակնարկներում ինքս էլ փորձել եմ պատասխան գտնել ողջ կյանքում այս մարդկանց հետամտող հարցին՝ ինչո՞ւ։ Աստված իմ, ինչո՞ւ... Տառապանքի ու չարչարանաց ճանապարհն ամենակուլ վիշապի պես սպառնացել է միլիոններին։ 1936 թվականի «Խորհրդային Ղարաբաղի» համարներում արդեն հաստատուն սերմեր կան, որոնցով հեղեղված են բոլոր կարգի նյութերը։ «օտար էլեմենտներ», «անհարազատ տարրեր», «դիմակավորված կուլակներ». այսպես էին որակվում անմեղ մարդիկ՝ չիմանալով, որ շատ չանցած, երկնակամարը կփլվի իրենց գլխին։

 Նրանցից շատերը մեղադրվում էին քահանայի կամ ունևորի տոհմից սերվելու շառավղով, իսկ մի երիտասարդ այն բանի համար, որ վերջինիս մորաքույրը մաուզերիստ էր։ Չենք կարող մորաքրոջ ճակատագրի մասին ինչ-որ բան ենթադրել, բայց համոզված ենք՝ երիտասարդ գյուղացու համար այդ փաստը դաժանությամբ է գործել։ Անիծյալ ժամանակ էր, դիվական քրքիջով մարդուն ստիպում էին կորցնել սեփական կերպարանքը՝ ստեղծված Արարչի նմանությամբ ու պատկերով։ Հակաքրիստոսի իշխանությունն էր շարժիչ ուժը, և մարդկային կյանքի արժեքը կորսվում էր խարդավանքների որոգայթում։ Իրար հաջորդող հոդվածները ներկայացնում էին մարզի տարբեր բնակավայրերում կայացած կուսակցական ակտիվի ժողովները, ուր անարգանքի սյունին էին գամում §ժողովրդի թշնամիներին¦։ Այս հարցում բարեբախտություն կարելի է համարել, որ հաճախ թերթի տեսադաշտից դուրս էին մնում ծայրամասային ու փոքր գյուղերը, այսինքն՝ տեղի բնակիչները, հուսանք, երևի թե շահել են դրանից, և աքսորը նրանց քիչ է սպառնացել։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ հանրապետական գրադարանի ընթերցասրահում պահվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի 1937 թվականի համարներն սկսվում են օգոստոսից, այսինքն՝ չկան օրաթերթի այդ տարվա հարյուրավոր համարները։ Գուցե պատահականությո՞ւնն է պատճառը, գուցե հետագա տարիներին այդ ահեղ թվականի հաղորդագրություն-մատնությունները վարպետորեն հանել են իրենց ստորագրություններով այլոց չգործած մեղքերը հաստատողների զավակնե՞րը։ Ո°վ գիտե։ Արցախյան շարժման առաջին տարում, երբ զգացվում էր մեծ տերության փլուզումը, երբ դավանած գաղափարները խճճվել էին ժամանակի մեջ և չէին դիմանում փորձությանը, հնի ու նորի՝ հետզհետե տեսանելի գաղափարական առճակատմանը նվիրված հեռուստատեսային հաղորդում պատրաստելու համար զրուցել եմ մարզի առաջին կոմերիտականների հետ։ Նրանցից մեկին դիմել եմ հարցով՝ կուսակցության ծրագրում կայի՞ն դրույթներ, որոնց՝ դուք, որպես մարդ՝ համամիտ չէիք, բայց ստիպված էիք իրականացնել։ Հիշում եմ, տարիքն առած ծերունին հանկարծ առույգացավ, ու նրա հայացքը փոխեց իր գույնը՝ չարացավ։ Եթե 37 թվականը լիներ, ես քեզ հետ այլ լեզվով կխոսեի. այս էր նրա պատասխանը։ Խոսակցության նման ընթացքն անսպասելի էր, ես ծիծաղեցի, բայց միաժամանակ վախեցա այդ դաժան հայացքից։ Նրան տեղ չտվի իմ հաղորդման մեջ՝ ասես, կամենալով մոռացության տալ և° մարդու անունը, և° ապրած կյանքը։ Պարզապես նա այդպես էլ չմարդացավ, մնաց խամաճիկ և, Աստված մի արասցե, թելերը ձգելուն պես կգործեր ամենակուլ մեքենայի նման։ Ուրեմն, այս արարածն անհաղորդ մնաց ապաշխարությանը և սեփական մեղայականով չներկայացավ ինքն իրեն։

 Նորեն վերադառնանք անցյալ դարի 30-ական թվականներին և բացենք 1938 թվականի հունվարի 1-ի համարը։

 «Խորհրդային Ղարաբաղ» թերթը Ստեփանակերտի 26 կոմիսարների անվան մետաքսակարժական գործարանի ստախանովական բանվորուհի Շուշանի ստորագրությամբ տպագրել է ամանորյա խոսք՝ սարսափազդու վերնագրով՝ «Ինչ է տվել ինձ 1937 թիվը»։ Մեջբերում ենք փոքրիկ հատված. «Նոր տարին դիմավորում ենք ուրախ ու երջանիկ։ 1937 թվականն անչափ նշանակալից է իմ կյանքում»։ Իր խոսքն այսպես է ավարտում խեղճ բանվորուհին։

 Այս հրապարակումից, թվում է, հեռու ենք ոչ թե տասնամյակներով, այլ՝ հարյուրամյակներով։

 Հիրավի, արցախյան ազգային-ազատագրական շարժումն արագացրել է մեր ժամանակացույցը՝ իր հևքով ոչ միայն նոր ուղեծիր բացելով, այլև նոր բառեր հավելելով մեր բառագանձին։ «Ազատություն» բառի նորովի ընկալումը մեզ հեռու կպահի հավատը մոլեռանդության հասցնելու ախտից, և ժամանակը զուլալությամբ կհառնի։    

Նվարդ Ալեքսանյան

© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples