Դեկտեմբերի 06, 2023

Ապրելու իր բանաձևը...

By Նվարդ Ալեքսանյան Սեպտեմբերի 19, 2023 471

Մանկության իր երազանքը տարիներ առաջ կայացած մեր զրույցի հենց առաջին պահից էլ դարձել էր մեր ուղեկիցը։ Զրուցակիցս՝ Վոլոդյա Ստեփանյանը, մի տեսակ իրեն մեղավոր էր զգում, որ չի կարողացել թև տալ երազանքին, բայցև ուրախ էր կրկին տրվել վերհուշին, կրկին քայլել այդ փոքրիկ, բայց անկորնչելի բավիղով։

... Երազում էր դերասան դառնալ, ավելի ստույգ՝ կինոդերասան, որ իր լավ խաղով ուրախություն պարգևեր նույնիսկ անծանոթ հայրենակիցներին, որ իրենով հպարտանային հարազատները, ընկերները, գրականության սիրելի ուսուցիչը։Եվ որ իրենց թաղի ամենասիրուն աղջկա սիրտը ճմլվեր ընկերության իր առաջարկը մերժելու համար։

 Դերասանական շնորհքն ու կարողությունն աննկատ չէին։ Ծննդավայր Մարտակերտ շրջկենտրոնի հ.1 միջնակարգ դպրոցի՝ Արցախում անուն հանած երգի-պարի համույթի անդամներից էր, կիթառ էր նվագում, իսկ սիրտն ու հոգին թատերական խմբակում էր և խաղացած փոքրիկ դերերը դարձել էին իր էության մի մասնիկը։

Ու, եթե, այնժամ, ինքը հրաշքով տեսներ իրեն տասնամյակներ անց՝ գնդապետի ուսադիրներով, ապա չէր ճանաչի, ախր ինքն ուրիշ ճակատագիր էր նախանշել իր համար։ Միայն նորին մեծություն պատահականությանն էր հայտնի գաղտնիքը, որն այլ ուղղությամբ տարավ իրեն։ Չգիտես ինչու ուշացավ թատերական ինստիտուտի ընդունելությունից, բայց հաջողությամբ հանձնեց քննությունները իրավաբանական ֆակուլտետում և դարձավ Երևանի պետական համալսարանի ուսանող։

Համալսարանի շրջանավարտի համար այնուհետ սկսվել է հետաքրքիր աշխատանքային կենսագրություն, այնպիսին, ինչպիսին կունենա ԼՂ ՆԳ վարչության քրեական բաժնի օպերատիվ աշխատողը։ Այն նմանվում էր չընդհատվող ու բազմապատկեր դեդեկտիվի, ուր ինքը գլխավոր դերակատարներից էր, բայց ասպարեզը բեմը չէր , այլ կյանքը ՝ իր գեղեցիկ և դաժան օրենքներով։ Իր «խաղացածը» ուրիշ մեկի կերպարի մարմնավորումը չէր և իր դերը՝ իրական ու պահանջված, պիտի դրսևորվեր մասնագիտական լավագույն որակներով։

Մարդը հաճախ է հայտնվում կյանքի որոգայթներում, երբ շրջապատի խճճված սարդոստայնով է ուզում քողարկել իր հոգու անանցանելի վիհը։ Հենց նման իրավիճակներում է հաճախ կորցնում սեփական ճակատագիրն անխաթար պահելու կարողությունը։

Լինել ներքին գործերի վարչության քննչական բաժնի օպերատիվ աշխատող, նշանակում է քաջածանոթ լինել կյանքի հետնախորշերին, ուր տիրող «օրենքներից» կարելի է սարսռել, և որ ամենասարսափելին է, դրանք ամենակուլ ու անկուշտ երախի պես նորանոր զոհեր են փնտրում։ Ու մարդն՝ անելանելիությամբ շղթայակապ, դառնում իր իսկ ստեղծած անդունդի և ծածկող կամուրջը, և նույն անդունդը գլխակորույս նետվողը։

Եվ գիրք գրել այդ աշխարհի մասին, նշանակում է երիցս պատասխանատու լինել այն մեծ հավատի առջև, որ գրածդ կարող է զորու լինել թեկուզ մեկ մարդու հետ պահել այդ աշխարհը մտնելու ցանկությունից։ Ինքը խորապես դառնացել ու ցավել է, երբ մարդիկ հանցանք են գործել սոցիալական դժվարին պայմանների թելադրանքով։Եվ պատահական չէր իր հրապարակումներից մեկի բնաբանն ընտրել Վալտեր Սքոթի հետևյալ միտքը.

«Հանցագործությունների վատ հետևանքներն անհամեմատ ավելի երկար են ապրում, քան բուն հանցագործությունները, և, սպանվածները ուրվականի նման, միշտ կրնկակոխ գնում են չարագործների հետևից»։

Եվ իր ստեղծագործություններում Վ.Ստեփանյանը չի ձգտել կյանքը զարդարել ավելորդ գույներով, գեղարվեստական խոսքի ընձեռած հնարավորությունների միջոցով հարազատ է մնացել իրականությանը։ Եվ այս առումով շահել են նրա իրապատումները. ընթերցողի ուշադրությունը երկար են պահում։

Առաջին գործերը տպագրվել են «Ջրաբերդ», «Դիզակ» թերթերում, «Արցախ» հանդեսում, իսկ պատմվածքների անդրանիկ՝ «Հետքերը տանում են հեռու» ժողովածուն լույս տեսավ 1991 թվականին։

Գիրքը չհորինված պատմությունների ամփոփագիր է, ներքին գործերի օպերատիվ աշխատողի առօրյայից՝ պատառիկ։ Առաջին գրքին հետևել է ևս հինգը.1993թ. «Թմրամոլի ճակատագիրը», 1994-ին արձակագիր Կիմ Գաբրիելյանի համահեղինակությամբ՝ «Սեր և արյուն» վիպակը, 2001-ին՝ «Հետդարձի ոտնահետքերով դեպի կալանավայր» , «Ուշացած զղջում» , 2002-ին՝ «Անավարտ կենսագրությունը»։

Ընթերցելով Վ. Ստեփանյանի ստեղծագործությունները, անհնար է չնկատել, թե ինչպես է հեղինակը ձգտում ազատվել հանցագործի և իր միջև ստեղծված հոգեբանական կապանքից։ Իր գործն անող ոստիկանը սրտով է զգում հանցագործի ապրումները։ Եվ այս առումով անհնար է անտարբեր կարդալ հանցագործության տուտը բռնած և հանգուցալուծման ձգտող իրավապահի ստեղծագործությունները, ով այդ տատասկոտ ճանապարհով քայլել է տասնամյակներ։

Ինչ խոսք, նրա հերոսներն ապրում են մեր կողքին՝ հաճախ հասկացված, հաճախ էլ՝ անհաղորդությամբ մերժված։ Եվ իր գրական գործերում Վ. Ստեփանյանն ամենևին էլ ոչ տողատակերում էր ընդգծում, որ կյանքի տխուր դիպվածով հանցանքի ուղին բռնած մարդը նման է նավաբեկյալի, ում համար անտեսանելի է հոգեփրկության ցանկալի ափը։ Թվում է հեղինակը փորձել է գտնել մշտամորմոք հարցի պատասխանը. չէ որ բոլոր հուսալքվածները չէ, որ «ուրախություն» և «մխիթարանք» են փնտրում հանցագործության մեջ։ Իսկ հանցանքաշատ աշխարհ ունենալու համար բոլորս ունենք մեղքի մեր բաժինը՝ հուշում են Վ. Ստեփանյանի գրքերը։Նրա գործերից թարգմանվել են ռուսերեն լեզվով։

 ՀՀ և ԼՂՀ գրողների միության անդամ, գնդապետ Վ. Ստեփանյանը ՆԳ մարմիններում աշխատել է 26 տարի, պարգևատրվել է «Արիության համար», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով, արժանացել՝ մի շարք գովասանագրերի, շնորհակալագրերի։

Եղել է ԼՂՀ առաջին ատյանի դատավոր։ Եվ որքան էլ բազմազբաղ էր, այնուհանդերձ, հայացքը չէր փախցրել գրականությունից, ձգտել է ժամանակ խնայել ինքն իրենից՝ նոր գործեր ասպարեզ հանելու համար։ Իր գործունեության առանցքը մարդն էր՝ տիեզերքի անեզրությամբ չափվող բարդ ու հակասական ներաշխարհով։

Նվարդ Ալեքսանյան

Last modified on Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 08:00
© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples