
Մի բան ասեմ, չե՞ք զարմանա, չէ՞։ Հարցնում եմ, թեպետ ամենևին էլ չեմ կասկածում, որ ձեզ համար մեր այս հյուծված-տանջահար աշխարհում վաղուց զարմանալի ոչինչ չկա։ Ո՜չ ներկայացումը, ո՜չ բեմը, ո՜չ էլ դերակատարները։ Ժամանակը ունակ չէ ինչ-որ բան փոփոխության ենթարկել։ Նույն մարդն է, նույն մեղքերը, ավերելու, տիրելու, ոչնչացնելու անփոփոխ մոլուցքը, մերձավորից անընդհատ հեռանալու անբացատրելի ցանկությունը, դիզելու, կուտակելու, չհագենալու տենդը…Կանգառ չկա, կայանման տարածքները զավթել են։ Ամեն օր ու ժամ բռնաբարվում է քաղաքակրթությունը` այդ նույն քաղաքակրթության հայրերի աչքի առաջ ու համաձայնությամբ։
Հին աշխարհը քարուքանդ է լինում։ Քոչվորի հոտը վաղուց այնտեղ է։ Վայրենին պահանջատեր է։ ՙՀայր մեր՚-ը օգնության ճիչ է, կործանվող տաճարի անհույս աղաղակ… Թանձր, բազմաշերտ դիմակը չի թողնում շնչել… օդը չի հերիքում, տարածքը նեղ է, բարոյականությունը` գել ու գազանի խաղալիք… քաղաքականության խոհանոցներում գարշահոտ է…
Եվ սերը վաղուց փրկություն չէ։
Վերադարձը պարտություն է, ժամանակ կոչվածի հետ պարզունակ սիրախաղ։ Ինքնամխիթարանք էլ։
Է հե-հե-հե՛յյյ…ո՞վ կա այդտեղ, գոնե մեկն ու մեկը…Ճի՞չ էր, չէ՞, գրողի խոսքը… հայ ամերիկացին…և` ոչ մեկը…մոլորակը, կարծես, դատարկ-ամայի է… անՄարդաբնակ…անՇունչ…Մարդը մնացել է մենակ…
Ոգու սովից տառապող մեկը չկա։ Մեծ վարպետը սխալվել է…
Կորեկ հացի երկրպագություն է… Մեծից փոքր…տիեզերքի մի ծայրից` մյուսը…
Էլ ոչ մեկին չեմ սպասում։ Ոչ էլ պատրաստվում եմ հավաքել իրերս։ Որովհետև ոչ մեկն ինձ չի սպասում։ ՙԱպագա՚ անունը կրող երկիր մեկնող, անպետք իրերով, անծանոթ մարդկանցով, երբեք չօգտագործված սրերով ու հրացաններով, հին վերարկուներով ու կոշիկներով, կանացի զարդերով ու օծանելիքով բեռնված գնացքը վաղուց է հեռացել ներկայի կայարանից…
Իսկ կայարանում գտնվողներից շատերին, ասում են, չի հաջողվել կախվել նույնիսկ վագոնների դռներից ու բռնակներից…
Մտահոգիչը, սակայն, այն է, որ այդ կողմերը, ասում են, էլ ոչ մի գնացք չի մեկնելու… ոչ ինքնաթիռ, ոչ ավտոմոբիլ… վերջ…
Անցյալը հուսահատվածներինն է, ներկան՝ հզորներինը, ապագան՝ թույլ-վախկոտներինը…
Ընտրեք, որն ուզում եք…
Վաղը ո՞ւմ եք մեղադրելու… Մամիկոնյան Վարդանը կազմ ու պատրաստ սպասում է, Վասակ Սյունին էլ… Սպարապետ Մխիթարը… Դավիթ Բեկը, Աշոտ Երկաթին մոռացա, Պապ թագավորին էլ… Գեներալներին, ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ… Եվ եթե մեկը հանկարծ որոշի հարցնել՝ էդ որտեղից ես այդպես գալիս, եղբայր, չգիտեմ ինչ եմ պատասխանելու և առաջին անգամ հասկանալու եմ, որ, իսկապես, չգիտեմ որտեղից եմ գալիս…
Անանձնականի տարածքում վախեցնող ամայություն է։ Բանող մեկը չկա։ Հողը հազար տեղից ճաք է տվել…
Ո՞վ է կանչում ինձ… ԵՐԿՐԻՍ տարբեր քաղաքներից ու շեներից, քաղաքիս, թաղամասերից ու նրբանցքներից…դաշտերից ու այգիներից։ Ուր գնում եմ այդ ձայնը հետևում է ինձ, կարծես՝ հետապնդում… Մեկ` կոշտ, առնական, սաստող, մեկ՝ նախազգուշացնող, պաշտպանող, բայց միշտ ծանոթ, մտերիմ ու տա՛ք… շա՛տ տաք…
Ո՞վ է…գուցե ես՝ ինքս…
Կարծեմ պապս էր` եթե լուրջ տարիքում մի օր լսես հորդ, պապիդ, կամ մորդ, կամ տատիդ կանչող ձայնը, կնշանակի մոլորվել ես, շեղել ես ճանապարհդ, կնշանակի կանգնած ես քեզնից հրաժարվելու, քեզ կորցնելու մեծ վտանգի առաջ…
Էլի եմ ասում, իմ թշնամին միշտ էլ եղել է սահմանի էն մյուս կողմում։ Միշտ էլ էն մյուս կողմից է եկել վտանգը, թեպետ դարպասները բացել կարող են նաև…Կարծում եմ, հասկացաք ինչ եմ ուզում ասել…
Չասե՞մ ավելորդ զգացմունքայնությունը խանգարում է մեզ, զրկում ժամանակին համընթաց շարժվող բանականությունից։ Ավելի ու ավելի հեռացնում, գոնե երևույթներն ու շարժերն ընկալելու և մեկնելու քաջությունից ու շնորհներից։
Չասե՞մ, ինչու ենք անընդհատ հեռանում մեր` այսքան սիրելի, այսքան պաշտելի ԵՐԿՐԻՑ…
Որովհետև` ուզում ենք ապրե՞լ… Եվ երբեմնի գրկվող, փայփայվող, ուսերին դրվող ԵՐԿԻՐԸ դառնում է ընդամենը գաղափար՝ վերացական, սովորական, մոռացվող… գունազրկվող լուսանկար… Ընդամենը՝ հաց…
Իսկ ԵՐԿՐՈՒՄ մնացած, ՙչապրող՚ փոքրիկը դպրոցում, գրատախտակի մոտ կամ հայրենական բեմերում լացակումած արտասանում է՝ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ…
Երևի մտածելով, որ գալու է նաև հեռանալու իր ժամը, ՙապրելու՚ իր ժամանակը….
Եվ ոչ մեկը մեղավոր չէ, որ մենք, չէ՝ ԵՐԿԻՐԸ, երեք միլիոն վարչապետ ունի, չէ՝ թագավոր, առաջնորդ, ԼԻԴԵՐ… Ընտրիր, ում ուզում ես, ոչ մի տարբերություն… Ուզում եմ ասել՝ մեկ է, հայրենիքը ծաղկելու է… ավելի ճիշտ՝ միշտ էլ ծաղկելու է…
Նորեկ Գասպարյան