
ԻՄԸ… Չէ՝ Ամենաիմը…և սա խոստովանություն չէ, ոչ էլ զգացմունքի ավելցուկ։ Ուղղակի չէի համարձակվում։ Ճիշտ է, միասին երկար ենք քայլել, ընկել-բարձրացել, շատ տառապել, քիչ ուրախացել ենք, կորցրել ենք քաղաքներ ու շեներ, հարազատ-մտերիմ մարդկանց ենք հրաժեշտ տվել, մենակ հազարի դեմ ենք կանգնել, աշխարհից ենք խռովել, մոլորվել-ապաշխարել ենք, բայց այսպես չեմ համարձակվել արտահայտվել…պարզապես ասել, որ առանց քեզ հնարավոր չէ, որ առանց քեզ ինձ ճանաչող մեկը չկա, որ քեզ համար էլ դժվար կլիներ առանց ինձ, որ մենք առանձին-առանձին տանուլ կտանք մեր բոլոր մարտերը, և ժամանակի գիշատիչ ալիքների վրա անօգնական կճոճվի անցյալով ծանրաբեռ մեր տապանը՝ չգտնելով իջևանելու ոչ մի լեռ…
Թաքցնելու բան չկա, անցնող օրերը, ամիսները, տարիներն ու դարերը մեզ շատ են փոխել։ Դու՝ չէ, բայց ես ինքս ինձ հազիվ եմ ճանաչում։ Մեկ-մեկ էլ մտածում եմ, որ ծերացել եմ, ուժերս են պակասել, մեկն էլ ինձնից խլել-տարել է սարը բարձրանալու, դաշտերիդ ու այգիներիդ, քաղաքներիդ ու շեներիդ վրա ճախրելու ցանկությունս։ Լինում է` մոռանում եմ նույնիսկ փառահեղ հաղթանակներս, ամրոցիս դարպասներն եմ թողնում բաց ու անպաշտպան, ՏԻՐՈՋ հետ հանդիպումից եմ ուշանում, իմ հնամյա քաղաքում դժվարությամբ եմ գտնում պապիս պապի շինած տունս, չեմ կարողանում ընթերցել նախնիներիս գերեզմանաքարերի գրվածքը…
Ներելի՞ է…
Երբ քեզ մենակ եմ թողել, չեմ օգնել, երբ պարտավոր էի, չեմ պաշտպանել, երբ ես էի միակ զինվորդ, երբ չեմ ճանաչել անցյալդ…երբ հրաժարվել եմ քեզնից…երբ չեմ լսել կանչդ… Կարծում եմ, կհամաձայնես, եթե ասեմ, որ ոչ մի վերադարձ ապաշխարանք չէ…Ընդամենը` ուշացած, մի չնչին, մի ափ խոստովանություն…թեպետ դու միշտ էլ ներել, ընդունել, դիմավորել ես բոլոր վերադարձողներիդ։
Գիտե՞ս, ինչն է քո մեջ ինձ ամենաշատը զարմացնում-հիացնում։ Քո անսպառ դիմադրողականությունը, անվերջ, անընդհատ, պայքարելու կարողությունդ, ընկնելուց հետո բարձրանալու բորբոք-ցանկությունդ։ Եվ դու ոչ մեկին նման չես, և ոչ մեկը չի կարող նմանվել քեզ։ Միայն քո ցավի մեջ են ծաղիկներ աճում, քո ցավն է միայն, որ կարողանում է ծիծաղել։ Հարություն առնողն էլ ես դու։
Պարզվում է ոչ մեկը չգիտի, որ չես սիրում, երբ քեզ գովերգում են տեղի-անտեղի, սեղանների շուրջ, բարձր-բարձր բեմերից, օտար ու անծանոթ քաղաքներում, նույնիսկ մտերիմ մեկի հուղարկավորության ժամանակ։ Քեզնից բաժանվելիս…բոլորը գժվում են քեզ համար և առանց քեզ չեն պատկերացնում աշխարհը, տունը, բակը, հիշողությունը…
Չգիտեն, որ տանել չես կարողանում, երբ փորձում են քեզ զարդարել փայլփլուն խաղալիքներով ու տոնական հանդերձով, հորինված պատմություններով ու կարոտախտի բազմաձև տեսարաններով, երբ հերոսացնում են քեզ…պարտություններդ մատուցում, իբրև հաղթանակ… մոռանալով կորցրած քաղաքներդ ու շեներդ, այգիներդ ու դաշտերդ, լճերդ ու գետերդ…Մինչև Ագռավաքար ու անընդհատ նահանջ…
Եվ ոչ մի սերունդ չի կարողանում ավարտել հազարամյա քո պատերազմը, բոլորն այն թողնում են կիսատ, ժառանգություն՝ եկող սերնդին։ Եվ մենք ծնվում, մեծանում, ապրում ենք այդ հավերժական պատերազմի մեջ, պատերազմի և խաղաղության արանքում՝ ոչ մի տարածք, ոչ մի արահետ… լքված ու ավերված բնակավայրեր, որբացած երեխաներ, միայնակ կանայք, որդեկորույս մայրեր… Մոխիրներից հառնող ԵՐԿԻՐ…
Ինչ անեմ, ասա, հարազատս, ցույց տուր ճանապարհը, ինձ օծիր զորությամբ, անանձնական ցավով, միշտ կողքիդ լինելու կարողությամբ ու ցանկությամբ։ Հեռացրու սխալներից ու կորցնելու մեղքից, անընդհատ անցյալդ փառաբանելու գայթակղությունից, բանականությունս ողողիր միայն ինձ ու քեզ ծանոթ լույսով և պատժիր սուտ խոստումների ու երդմնազանցության համար:
Հրամայիր զինվորիդ: Համոզիր, որ պայքարն է զորացնում նույնիսկ թույլերին ու տկարներին, որ պայքարի մեջ պարտություն չկա, որ պայքարը պատվիրան է: Ծառն էլ է պայքարում, ծաղիկը, խոտը, թռչունները` երկնքի անսահման-անծավալ տարածության մեջ, մրջյունը, մեղուն… ամենափոքրիկ սերմնահատիկը… և բոլորն էլ ուզում են ապրել…
Ես էլ… Քեզ հետ, միայն քեզ հետ և` քեզ համար…
Զարմանալին, գիտե՞ս ինչն է, որ վրեժը երբեք չի եղել քո ուղեկիցը, ոչ էլ` ապրելդ ի հեճուկս: Եվ միշտ էլ կարողացել ես համոզել, որ վրեժը պարտության սկիզբն է, իսկ ի հեճուկս ապրելը` անպտուղ ընթացք, համարյա` ինքնաժխտում ու ինքնահրաժարում: Խոստովանեմ, միշտ չէ, որ ես քեզ հասկացել եմ, ընդունել ասածդ, հրաժարվել վրիժառությունից: Միշտ էլ ինչ-որ մեկին ցանկացել եմ համոզել, որ կամ, ապրում եմ, տուն եմ շինում, այգի մշակում, արարում կտավներ ու մատյաններ: Էլի` ի հեճուկս…
Ինչպիսի՛ պարզունակություն ու միամտություն…
Գիտե՞ս, ինչ եմ որոշել: Ասեմ: Որոշել եմ էլ ոչ մի տեղ չգնալ: Գուցե հենց այդպես ավարտվի մեր այս վերջը չերևացող պատերազմը…
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ