ՊԸԼԸ ՊՈՒՂՈՒՑ ՄԻՆՉ... ՈՒԻԹՄԵՆ...

By Նվարդ Ալեքսանյան Օգոստոսի 18, 2023 255

Տարիներ առաջ բանաստեղծ Վարդան Հակոբյանի հետ կայացած մի զրույցում` իմ այն հարցին, թե` ո՞ւմ կառանձնացնեիք արցախցի պոետներից, ով օտարին կկարողանա ներկայացնել մեզ, ստացա անսպասելի պատասխան` Պըլը Պուղուն և Ուիթմենին...

Առաջին հայացքից զարմանալի այս խոսքը` որպես յուրատիպ գնահատական, իմ մտքում հազար ու մի խաչաձևումներ է ունեցել, որոնք իրար լրացնելով երևացնում են ոչ միայն համաշխարհային պոեզիայի հսկային և մեր զվարճախոսին նույն հորիզոնականում տեսնելու իրական հենքը, այլև զվարթ գիտության մեր մեծ մշակով՝ Պըլը Պուղով, դեպի աշխարհի մեծերի ծիրը քայլ անելու հնարավորությունը։ Չէ՞ որ ծիծաղը իր մեջ ամբողջացնում է ողջ գեղարվեստը՝ կազմելով հնչյունի ու պատկերի այնպիսի ներդաշնակություն, որը կենսականորեն անհրաժեշտ է մարդուն և ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում։ Իսկ առանց ծիծաղի ապրելը կնշանակի հայտնվել ամայության մեջ, այն էլ ինքնապաշտպանությունից զրկված։

Պըլը Պուղուն նվիրված ուսումնասիրությունները հեղինակել են անվանի գիտնականներ ու գրողներ։ Այսօրինակ` Մակար Բարխուդարյանը, Հրաչյա Աճառյանը, Լեոն, Գալուստ Շերմազանյանը, Սերո Խանզադյանը, Հրաչյա Բեգլարյանը, Բագրատ Ուլուբաբյանը, Վարդան Հակոբյանը։ Եվ այս ամենի մասին ամփոփ տեղեկատվությամբ` «Պըլը Պուղին հայ մշակույթի պատմության էջերում» գիրքը կազմել է Ասատուր Փաշայանը: Ուսումնամեթոդական ձեռնարկը բուհերի բանասիրական ֆակուլտետի դասախոսների, ուսանողների համար է, միաժամանակ կարող է դառնալ հասարակության տարբեր շերտերի հետաքրքրության առարկան ։Չէ որ ասպարեզում արցախցիներիս շատ հոգեհարազատ, իր անվան շուրջ հյուսված զրույցների պես անմեռ մարդ-լեգենդն է` Պըլը Պուղին:

18¬րդ դարի Ղարաբաղի պատմության ու բանահյուսության փայլուն մասունքները այս հանկարծախոս- առակախոսի անվամբ շուրթից-շուրթ, գրքից-գիրք, բեմից-բեմ, պարբերականից- պարբերական անցնելով եկել և մեզ են հասել։ Պըլը Պուղին ծաղրել է կյանքի արատները` յուրատիպ և մեծ վարպետությամբ, և դա արել է երբեք չքծնելով իշխողներին։ Իր ողջ կյանքն ապրել է և իր իմաստախոսություններն արարել՝ միշտ իր ուսերին կրելով զվարճախոս- հանկարծախոսի շքեղ պատմուճանը։Սա է նրա կենսագիրների համահավաք գնահատականը:

Անտիկ բանաստեղծ Հորացիոսն ասել է . «Կատակը, ծաղրական բառը հաճախ ավելի լավ են բնորոշում երևույթները, քան դրանց մասին ասված ընդարձակ խոսքը»։ Հորացիոսից շատ դարեր անց Պըլը Պւողի անունով շինական մի իմաստախոս, զվարճաբան, իր ապրած կյանքով Հորացիոսի արտահայտած խորիմաստ միտքը լավագույնս կիրառեց թե իր շրջապատում և թե Մելիք Շահնազար 2-րդի ապարանքում։

Իր ցայսօր հայտնի զվարճապատումների մեծ մասը մեզ է հասել մեր անուշաբույր բարբառով։ Ահա թե ինչ կարծիք ուներ մեր բարբառի մասին Պըլը Պուղին. «Մեր պառը երգինքան ա կաթալ»։ Ասել է թե՝ մեր բառը, խոսքը` երկնային, աստվածատուր է...

Մենագրություն կազմողը՝ Ասատուր Փաշայանը, փորձել է մեծ զվարճախոսին ներկայացնել նախ՝ որպես Արցախ¬ Ղարաբաղի մելիքներից մեկի՝ Մելիք Շահնազար 2-րդի զվարճախոսի և ապա՝ որպես հանկարծախոսի, խորհուրդատուի և, ինչու չէ՝ նաև դիվանագետի։ Իսկ թե ինչն է ստիպել ձեռնարկելու այս գործը, նա առաջաբանում նշում է. «Նախ և առաջ հայ բազմադարյա անգիր մշակույթի հանդեպ մեր պաշտամունքը, հարգանքն ու սերը։ Մյուս կռվանը մեծ զվարճախոսի կենսագրության որոշ մանրամասներին առնչվող անծանոթ էջերը ընթերցողին ներկայացնելու ցանկությունն է»։

Ըստ ուսումնասիրողներից մեկի` Գալուստ Շերմազանյանի, Պըլը Պուղու զվարճապատումները հայ մատենագրության էջերում առաջին անգամ հանդիպում ենք նրա մահվանից 70 տարի անց, 1870-ականների վերջին։

Տեղեկացնենք, որ բանահավաք, հասարակական գործիչ և դրամատուրգ Գալուստ Շերմազանյանը ծնվել է 1807 թվականին` Ջուղայում։ Եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ։ 1878 թվականին Թիֆլիսում լույս է տեսել նրա հեղինակած «Անեկդոտներ, զվարճալի զրույցներ, համառոտ դեպքեր և առակներ՝ մեծ մասամբ ազգային կյանքից առած» ժողովածուն։ Հիշյալ գործում էլ առաջին անգամ ընթերցողին է ներկայացվել Պըլը Պուղի զվարճախոսի 15 առակ- զվարճապատումը։

Ժամանակագրական առումով Շերմանզանյանից հետո Պըլը Պուղուն անդրադարձել է Րաֆֆին։ Մեծ վիպասանը Պըլը Պուղուն համարել է «Ղարաբաղի Բալակիրևը»։ Պարզվում է, որ ռուս կայսր Պետրոս Մեծի պալատում եղել է Բալակիրև անունով մի զվարճախոս, ինչպես Պըլը Պուղին` Մելիք Շահնազար 2-րդի ապարանքում։

1883 թվականին Թիֆլիսում լույս է տեսել Մակար Բարխուդարյանի «Պըլը Պուղի» խորագրով 190 էջանոց գիրքը։ Ընթերցողին է ներկայացվել մեծ զվարճախոսի համառոտ կենսագրությունը, ամփոփ պատումներով`՝ անեկդոտ, առակ, ասացվածք։ Մակար Բարխուդարյանը ղարաբաղցի տարեցներից է գրի առել զվարճապատումների մեծ մասը։

Պըլը Պուղուն անդրադարձել է հայագիտության հսկաներից մեկը՝ Հրաչյա Աճառյանը։ 1898¬1902 թվականներին Աճառյանը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում տաճկերենի ուսուցիչ էր։ Հենց այստեղ էլ նա ձեռնամուխ է եղել այդ գործին։

Անցյալ դարի 20-ական թվականներին Պըլը Պուղուն անդրադարձել է հայ մշակույթի երախտավորներից մեկը` Լեոն: «Հայոց պատմության 3-րդ հատորը ընդգրկում է հայ ժողովրդի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը 16-18-րդ դարերում: Խոսելով Մելիք- Շահնազար երկրորդի մասին Լեոն գրել է. «Պետք է ասել, որ Մելիք- Շահնազարը ժողովրդական մարդ է եղել և այսօր էլ դեռ ապրում է ժողովրդի հիշողության մեջ, թերևս ոչ թե իր բարի գործերով, որոնցից առհասարակ զուրկ է եղել, այլ շնորհիվ այն հանգամանքի, որ պահել է իր մոտ մի տաղանդավոր ծաղրածու, որի անունն է Պըլը Պուղի: Այսօր էլ ժողովուրդը սքանչացումով պատմում է այդ բնատուր տաղանդի հանաքները, ասացվածքները և սրամտությունները, որոնց մեջ անփոփոխ ծաղրի է ենթարկվում Մելիք- Շահնազարը»:

Կարդալով Լեոյի այս տողերը մեկ անգամ ևս համոզվում ենք, որ շատ ու շատ թագավորների, իշխանների և կառավարիչների մասին, նրանց մահից հետո`ավելի քիչ կամ ամենևին չի խոսվում, իսկ նրանց սպասարկած աշուղ-բանաստեղծների և կատակաբան-ծաղրածուների անունն ու փառքը հավերժ մնում է մշակույթի և գիտության պատմության էջերում: Այս ամենի իրական ապացույցը մինչ այսօր էլ շարունակվող պըլըպուղապատումներն են, որոնք ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, միշտ էլ ժամանակակից են և երևացնում են սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը: Տեղեկացնենք, որ Պըլը Պուղու անունով բազմաթիվ նյութեր են պահպանվում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգրագրության ինստիտուտում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

1991 թվականին Ստեփանակերտում լույս տեսավ գրողների միության վարչության ամենամյա երգիծական «Պըլը Պուղի» հանդեսի առաջին համարը: Իր գործունեության ընթացքում երգիծահանդեսը շարունակել է ակտիվ դերակատարությունն ունենալ ոչ միայն Պըլը Պուղու ստեղծած բանահյուսության մշակման ու քարոզչության, այլև մեր կյանքում մի պտղունց ծիծաղ ավելացնելու, հիրավի, պատվարժան գործում: Իսկ Պըլը Պուղու զվարճապատումները գալիքում էլ կշարունակեն մնալ անվանի արվեստագետների ուսումնասիրության ու ժողովրդի հիացմունքի առարկան:

Նվարդ Ալեքսանյան

Last modified on Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023 13:41
© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples