Ինչպես Նոյի տապան

By Նվարդ Ալեքսանյան Օգոստոսի 18, 2023 331

Մեր Ռուբեն առյուծը վերադառնում է հայրենիք՝ Աֆրիկա: Վայրի բնության, մշակութային արժեքների պահպանման ջատագովի, ինչպես նաև արևելյան կենդանակերպի՝ առյուծի նշանը կրողի եռապատկված հուզմունքով եմ ընդունել լուրը: Հիրավի, առյուծի համար նոր ժամանակշրջան է սկսվելու և այս անգամ ազատ ու անկաշկանդ է գլորելու իր օրերը:

Ինչ խոսք, վանդակի մեջ հայտնվածի համար ժամանակը միշտ նույն կետում է, որն էլ խախուտ սահմանգիծ է՝ պատրաստ փոխվելու քամու ամենափոքր տատանումից անգամ: Եվ, որ ամենակարևորն է, ազատությունից զրկվածը չգիտի՝ թե ինչ ընթացք կունենա ժամանակացույցը՝ դրական դինամիկա, թե...

Եվ ահա առյուծի համար վանդակում անցկացրած տարիները երջանիկ շարունակություն կունենան: Համոզված եմ, որ աֆրիկյան բարկ արևի տակ, երբ տապից մի պահ փակի աչքերը՝ արցախյան պատկերներ են երևալու.սեգ, անտառապատ լեռներ, սառնորակ աղբյուրներ, իրեն տեսության եկած մարդկանց խմբեր՝ արքայական իր տեսքով հիացած հայացքներով: Եվ, երևի, այդ պահին մի այլ կերպ է տրոփելու կենդանիների արքայի սիրտը՝ արցախավարի՝ խրոխտ ու աննահանջ... Ես այսպես եմ ուզում, որ միայն լավը մնա մեզ իր ներկայության շքեղությամբ պատված առյուծի հիշողությունում, որ ինքն էլ ասլանավարի իր դրական լիցքերն ուղարկի անգամ նման դժվարին ժամանակում կենդանու ազատությամբ ուրախացողներիս...

Եվ ինչ լավ է, որ առյուծը չի տեսել մեր աղետյալ ներկան՝ ձնագնդի պես հետզհետե առավել չափեր ընդունող խնդիրներով:

Բանտված Արցախում, ցավոք, դարերում բյուրեղացած ազգային ավանդական շատ արժեքներ են կորսվում, մի տեսակ մեր անժամանակ ժամանակի կսկծալի այս կանգառում դրանք շատ փխրուն ու անպաշտպան են դարձել: Ավելին՝ մեր հոգեկերտվածքին խորթ երևույթներ են արմատավորվում: Նման փոփոխություններով ժամանակում հավասարակշռություն պահելը դառնում է անհնար, անգամ չգիտես թե՝ անկշռելիության որ էտապում ես և, արդյոք, կավարտվի այդ քաոսը: Օրինակ՝ բոլորիս առնչվող միայն մի խնդրի մասին խոսենք:

Մի չգրված օրենքով մեր քաղաքի առևտրի կետերում ավանդական դարձած թերակշռության պայմաններում մեծաթիվ են կառավարության կողմից գյուղմթերքների սահմանված գների խախտումները: Ի պատիվ իրենց, կան նաև օրինապահ, խիղճը գրպանը չդրած քաղաքացիներ:

Խաղողի սահմանված գնին խիստ գերազանցող գնով վաճառողն իր հասցեին արված դիտողությունը՝ գնորդներին ուղղված թուք ու նախատինք դարձրեց: «Դուք լավությունը չեք գնահատում, մենք ձեզ լավություն ենք անում՝ դաշտից խաղող բերելով, իսկ դուք դեռ համարձակվում եք դժգոհություն հայտնել»: Սա անհամ ու ճմռթված խաղողը ճարահատ մարդկանց վրա բարձր գնով սաղացնողի «իմաստուն» եզրահանգումն էր: Շշմել կարելի է, իսկ ես մինչ այդ միանգամայն այլ պատկերացում ունի դիմացինին լավություն անելու մասին: Պարզվում է, որ նման տեսակի ՙ լավություն՚ էլ կա:

Մեր ժամանակի թշվառությունը մի կողմից, մյուս կողմից օրեցօր առավել լարվող անհանդուրժողականության մթնոլորտը համարյա ի չիք է դարձրել դիմացինին հոգեկից լինելու ավանդույթը, մեր հոգուց սերված և հենց մեզ ապրեցնող ավանդույթը: Առևտրականները մի դաժան համակարգ են ստեղծել՝ սուր մրցակցային պայմաններով: Սկզբունքը մեկն է. ով պղտոր ջրերում ավելի շատ ձուկ կորսա: Ասես այդ մարդիկ մեր աշխարհ են եկել այլ աշխարհից և, որքան հնարավոր է, գործի դնելով ամեն մի կեղտոտ հնար, կարճ ժամկետում պետք շատ փող վաստակեն՝ հետ վերադառնալու համար: Ախր, բոլորս էլ Նոյի տապանում հայտնվածների պես աշխարհի կործանարար ջրերի դեմ օրն ի բուն կռիվ տվողներն ենք, նույն երկրի մարդիկ: Ուստի, երիցս ցավալի է, որ շատ շատերիս խեղճության, անկարողության տառապանքը ինչ որ մեկի համար դիվային հնարքով շահույթ է դառնում և այդ մոլուցքն անհնար է զսպել... Անվանի երգիծաբաններից մեկի այն միտքը, որ պետությունը կապ չունի գնաճի հետ , որ դրանք իրենք իրենց են աճում, ասես գրվել է հենց մեր երկրում և մեր ժամանակում՝ կորցնելով իր զավեշտալի էությունը: Ակամա փորձում եմ վերհիշել արցախյան շարժման՝ անցյալ դարի 90-ականների կիսաքաղց, ցուրտ ու մութ տարիներին մեր ժողովրդի պահվածքը՝ մեր օրերին աղերսելու առումով: Ես մարդկանց նվաստացնող նման անվերջանալի շղթա չեմ հիշում, մեր հաղթանակը նաև պայմանավորված էր միմյանց հանդեպ գթասրտությամբ: Եվ հիմա էլ անկշռելիությունից ինձ փրկողն իմ ժողովրդի հանդեպ անսասան հավատն է՝ պատմության անկորչելի դասերով:

... Երբ Հայոց աշխարհը տրոհված էր և կործանվում էր ժողովուրդը` Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց տառերը ու մեր այբուբենը իր ծննդով ավետեց նոր երկրի ծնունդ: Երբ Ավարայրում մեր ժողովրդի հավատքի, անկախության բախտն էր վճռվում, հայ ժողովուրդը թշնամուն դիմակայեց իր միակամությամբ ու միասնությամբ: Երբ Մեծ եղեռնը ամայացրեց մեր հայրենիքի մի մասը, ազատության ոգին երկառաք եղավ, բայց չհեռացավ ու թևատարած մնաց մեր աշխարհի վրա: Վկան՝ Սարդարապատն ու առաջին հանրապետության ծնունդը: Եվ 88-ին, երբ մեր սրտերից վրեժի ու ցասման կայծեր ելան, այդ ոգով զորացած կրակ դարձան և դարավոր թշնամուն արժանի հակահարված տրվեց: Աշխարհ եկավ ազգային ազատագրական շարժում` իբրև ողջ հայության մեծ երազանքի իրականացման մի արար: Հիմա մեր ապրած զրկանքներով լի ժամանակը՝ մեր իսկ երազանքին հասնելու աննահանջ մաքառումի ևս մեկ արար է, իսկ զորավորը, ինչպես պատմությունն է հուշում, վերստին մեր ժողովրդի պատմության թատերաբեմից չհեռանալու ու իր հազարամյակների պատմությունը շարունակելու կամքն է:

Նվարդ Ալեքսանյան

Last modified on Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023 11:53
© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples