Չիպոլինոն  Արցախում

By Նվարդ Ալեքսանյան Հուլիսի 05, 2023 439

Այս խոսքի առիթը վարսավիրանոցում լսածս սարսափելի պատմությունն է։  Ներկած մազերով միջահասակ կինն ամոթից շառագունած դեմքը ծածկած և դողացող ձայնով է պատմել իր գլխին եկած սահմռկեցուցիչ դեպքի մասին։  Ասես ուզում էր ազատվել մի մեծ մեղքից՝ ներկաներից թողություն հայցելով։

Ուրեմն,  ամուսինը զանգել և զգուշացրել էր, որ երեկոյան հյուր են ունենալու։ Իսկ դա, չթաքցնենք,  մեր օրերում բավականին լուրջ ցնցում է տվյալ ընտանիքի համար։ Տան տղամարդը, տանտիրոջ հպարտությամբ նաև ասել  է, որ մի քանի վարունգ է տուն հասցնելու և հիշեցրել, որ սառնարանում ազիզ ղոնաղի համար պահվող միակ պոմիդորի հետ կարող են նրան  պատվել ամառային համեղ սալաթով։ Դե, սիրելիներ,  պատրաստվեք այս իրողության ամենադրամատիկ դրվագը լսելու։ Բնականաբար, այս մասում կնոջ ձայնն ավելի է մռայլվել, և բոլորս արդեն վատ կանխազգացումով էինք նայում նրան։ Ցավոք, մեր ներքնատեսությունը մեզ չի խաբել և, ինչպես պարզվել է կնոջ բեկբեկուն խոսքից, ինքն արդեն չէր դիմացել կարմրաթուշ լոլիկի հմայքին և ժամ առաջ երեխայի հափշտակությամբ անուշ էր արել։ Կնոջ խոսքով ինքն ապշել էր ամուսնու վատ հիշողության անսպասելի լավարկումից։ Մշտապես տնեցիները տուժում էին նրա չնահանջող մոռացկոտությունից, իսկ  հիմա, խնդրեմ, տեսեք ոնց է հիշել պոմիդորի մասին։ Մի խոսքով, դժվար կացության մեջ հայտնված կինն ամաչել է ճշմարտությունն ասել և... առաջին անգամ ստել է ամուսնուն՝ ոտքերը կարճ ինչ-որ անհեթեթ պատմությամբ։

Բավականին հուզիչ և  զգայացունց դեպք է, և  ես մտածում էի. եթե մի հնարքով իտալացի տաղանդավոր գրող, «Չիպոլինոյի արկածները» հեքիաթի հեղինակ Ջանի Ռոդարին հայտնվեր Արցախում,  անշուշտ, մի նոր հրաշք-հեքիաթ կգրեր։ Բայց... այս անգամ իրապատում հենքով՝ մեր տեղական սոխ-Չիպոլինոյի, սինյոր Պոմիդորի և այլնի մասին։ Իսկ նոր սյուժեի համար այնքան հետաքրքիր դրվագներ կան, դրանք պարզապես թափված են մեր փողոցներում։ Եվ հիմա փոքր ինչ կողմնորոշվելու համար, որպես ուղեցույց  հետևելով Ռոդարի գրողի ստեղծագործական սկզբունքին,  պետք է նախ գտնենք մեր գլխավոր հերոսին, մեր Չիպոլինոյին։ Ո՞ւր է կորել այդ արկածախնդիրը, շաբաթներ առաջ լիքը պարկերով,  առոք-փառոք բազմել էր բանջարեղենի վաճառակետերում, հիմա դավադրաբար ընդհատակ է անցել, հետքն անգամ չկա։ Եթե ամբողջը գնվել է, ուրեմն մարդիկ  ապահով են, բայց այդ դեպքում ինչու են բոլորը սոխ փնտրում։ Իսկ Չիպոլինոյի կանաչ ազգականներն այնպիսի գին են սահմանել իրենց համար, որ առանց ուտելու,  արդեն իսկ,  սիրտդ մրմռում է։

Ինչ խոսք,  ի տարբերություն  հեքիաթի հերոսներ դարձած իտալական բանջարեղենի և մրգերի,  մերն ուրիշ է։ Օրինակ, սինյոր Ռոդարիի մոտ խեղճացած դդումը մեզ մոտ դեռ դդմիկի կարգավիճակում էլ անչափ կատաղած է։ Դու փորձիր դրա երեսին ասել, մեկ է, ինչքան զորանաս՝ դդում ես դառնալու, դա քեզ իր գնով այնպիսի լեզու ցույց կտա, որ ինքդ քեզ կասես՝ հիմա ո՞վ է դդումը, գնո՞րդը, թե՞...

Զարմանալի է, որ իտալական հեքիաթում սխտորի մասին խոսք չկա, նույնիսկ՝ թռուցիկ ակնարկ։ Բայց խոստովանենք,  որ չենք կարող անտեսել սխտորը։ Ինչպես պարզվում է դրա վարքից՝ ոչ մեկի ուշադրության կարիքը չունի, ավելին՝ խիստ արհամարհական է բոլորի հանդեպ։ Ինքն իր գլխի տերն է, իսկ մեր օրերում սխտորի գլխի գինը,  երևի,  իր համար էլ է անսպասելի։ Մեկ-մեկ մտածում եմ, գուցե հենց այս ընթացքում է քինախնդիր սխտորը հիշել մեր պապերի ու հայրերի ժամանակներում հորինված զվարճախոսությունը։ Ասում են՝ դրան կոմկուսի շարքերը չեն ընդունել՝ տհաճ համ ու հոտի պատճառով։ Հիմա վրեժ է լուծում իրեն անվանարկող պատմությունը հորինողների զավակներից։ Մեկը չկա, որ սխտորին հասկանալի լեզվով բացատրի՝ ասելով՝  նախ հասարակարգ է փոխվել, և անկախ համ ու հոտից,  հիմա անարգել  կարող է հարել ցանկացած կուսակցության։ Հետո էլ՝ հանրության համբուրվող զանգվածը, և  դա,  հուսով եմ,  մեծամասնությունն է,  իրեն շատ հեռու է պահում սխտորից, իսկ տարեցներն էլ իրենց կյանքում այնքան են կերել, որ կդիմաման մինչև լավ ժամանակները...

Սինյոր Ռոդարիի հեքիաթում վարունգները շնչավորվել էին որպես ձիեր։ Ինչո՞վ են պակաս մեր վարունգները, իրենց գներով այնպես են վարգում ու վրնջում և,  ըստ էության,  ականջ ծակող այդ խրխինջը դեռ երկար է շարունակվելու։

Մեր ցմփորիկ ձմերուկի մասին խոսք չկա իտալական հեքիաթում, իսկ դա հաստլիկին վայել հանդարտ հայացքով է նայում մեզ՝ վաղահասության պատճառները չբացահայտելով։ Ինչ արած, դժվար ժամանակներում ձմերուկն էլ է վաղ հասունանում... Եգիպտացորենի կողրերը չմոռանանք և ասենք՝ պետք չէ գնից դժգոհել, բա որ դրանց վրա  եղած հատիկների թվով բազմապատկեն...

Բալն ու կեռասը իտալական հեքիաթում անգամ ազնվականական կապույտ արյուն ունեին։ Հեքիաթագիրը դրանց պատվել է կոմսուհիներ տիտղոսով։ Դե,  մենք էլ հայ ազնվականության օրենքներին համաձայն դրանց իշխանուհիներ կկոչենք։

Չնայած մեր իշխանուհիները մի քանի անգամ կարկտահարվել են, (ինչ արած,  մեր կարկուտը մնացել է նույն համայնավարը և քարից պինդ իր բռունցքով անխնա խփում է բոլորին),  և իշխանական իրենց փայլը կորուստներ է ունեցել, այնուհանդերձ իրենց  դիրքերը չեն զիջում՝ մոտիկից շփվել ցանկացողներից բարձր գին պահանջելով։ Դրա համար էլ դժվար է նման քմահաճ իշխանուհիներով տոպրակն անցորդների նախանձկոտ հայացքների ներքո անվնաս տուն հասցնելը։

Հիմա այսպես կծիկը քանդելով չգիտեմ ուր կհասնեմ, բայց, կարծում եմ, կրկին հետևելով Ջանի Ռոդարիին,  պետք է վերադառնամ սկիզբը, պարզելու՝ թե ինչը եղավ այս բանջարա-մրգային խառնաշփոթի պատճառը։

Իտալական հեքիաթն ասում է. մի անգամ սոխ-Չիպոլինոյի ծերուկ հայրը՝ Չիպոլենեն,  անզգուշաբար տրորել է սինյոր Լիմոնի ոտքի կոշտուկը։ Դրա հետևանքով ծեր սոխ-հորը բանտարկում են, և Չիպոլինո որդին նրան ազատելու համար դիմում է աներևակայելի արկածների՝ դրանց մեջ ներքաշելով  իր հեռու և մոտիկ ազգականներին, համախոհներին։

Հավատացեք, վերջերս ինքս էլ նման մի դեպքի ականատես եմ եղել. փողոցում տղամարդու  ձեռքի պատռված տոպրակից լիմոններ էին թափվել։ Խեղճ մարդն ինչ իմանար, որ գետնից իր անվարժ և կոպիտ ձեռքերով հավաքելու ժամանակ, ճակատագրի հեգնանքով,  անզգուշաբար տրորել է  դրանցից մեկի  հավանաբար ոչ մեկ կոշտուկը... Ուրեմն՝ այս իրարանցումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև  չգտնվի գլխավոր դերակատարը, բոլորին կարգի հրավիրող մեր սոխ-Չիպոլինոն։

Իսկ հիմա խոնարհաբար խնդրում եմ, եթե ձեզնից որևէ մեկը ճանաչում է տանը հյուրի համար պահած միակ լոլիկը կերած  և ամոթից ստախոս դարձած այն կնոջ ամուսնուն, ապա չասեք ճշմարտությունը։

 

 Նվարդ Ալեքսանյան

 

Last modified on Չորեքշաբթի, 05 Հուլիսի 2023 12:37
© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples