
Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ընդլայնված կազմով Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում որոշվեց պահպանել Արցախի թեմը։ Ժողովը նախագահել էր Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, միաժամանակ ժողովի ընթացքում զեկույցով հանդես էր եկել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով իր խոսքում մասնավորապես նշել էր․ «Զեկույցիս ամբողջ նպատակն այն է, թե ինչպես պահենք, պահպանենք արցախցու դեմքը, էությունը, ինքնությունը։ Շատ դժվար ծրագիր է սա, եթե համապարփակ ու լուրջ աշխատանք չտարվի, մենք կկորցնենք ինքնությունը։ Արցախի թեմի լուծարումը չպետք է տեղի ունենա, ինչպես, ցավոք սրտի, լուծարվում է Արցախի պետականությունը։ Եվ Վեհափառ հայրապետը, ի ուրախություն բոլորիս, հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ գործառույթները կփոխվեն փոքր-ինչ։ Սա նշանակում է, որ Արցախի թեմը կծառայի իր նպատակներին, սա նշանակում է, որ մենք մեր սրտում կունենանք երազանք՝ նորից վերադառնալու Արցախ»։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե որտեղ է գործելու Արցախի թեմը, ինչ ձեւաչափով, եւ ինչ է նշանակում՝ թեմի գործառույթները փոքր-ինչ կփոխվեն։ «Ինչպես Վեհափառ հայրապետը կորոշի, այնպես էլ կգործի թեմը։ Հետո՝ թեմը, որպես այդպիսին, գործում է, չի լուծարվել։ Միայն թե հնարավոր է գործառույթները փոխվեն, ծրագրերի նկատմամբ իր հովվական ծառայությունները փոխվեն, որովհետեւ մեր արցախահայությունն այժմ գտնվում է Հայաստանի տարբեր թեմերի խնամքի ներքո»,- նշեց Սրբազանն ու ընդգծեց, որ պարբերաբար այցելում են հայրենիքը կորցրած արցախահայերին, լինի դա սոցիալական, թե հոգեւոր ու հոգեբանական բաղադրիչի տեսանկյունից, ինչը տեղի է ունենում տվյալ հոգեւոր թեմի առաջնորդի ու հոգեւորականների առաջնորդությամբ։ Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել էր, որ «կորսված Արցախի ինստիտուտների պահպանումը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է»․ ինչպե՞ս է մեկնաբանում իշխանության այս դիրքորոշումը։ «Ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ պետությունը, կարծում եմ, ամեն ինչ պետք է անի, որպեսզի Արցախից դուրս բերված ու Արցախի հետ առնչվող կրթական, մշակութային ցանկացած հարց պահպանի, որովհետեւ դա մեր ինքնությունն է, արժեհամակարգն է, եւ դրանով է պայմանավորվում վաղվա մեր վերադարձն Արցախ, քանի որ մենք բռնվելու, հենվելու տեղ պետք է ունենանք։ Անշուշտ, մեր պետությունը թույլ է տալիս հենվել իր վրա, բայց մեր ինքնության, արժեհամակարգի համար պետք են այդ փոքրիկ բեկորները, որոնք պետք է միաձուլվեն, միանան՝ վաղը մեր վերադարձն ապահովելու համար»։ Կարո՞ղ ենք ասել, որ այսօր ինստիտուցիոնալ առումով՝ թե՛ քաղաքական, թե՛ հոգեւոր իշխանության գործառույթը հենց Արցախի թեմի վրա է դրված։ «Չեմ կարծում եւ ես դրա կողմնակիցն էլ չեմ, որովհետեւ Արցախի պետությունը կա, գոյություն ունի, եւ այն լծակները, որով ինքը պետք է ժողովրդի հետ աշխատի, կարծում եմ՝ մեր Հայաստանի իշխանություններն այդ իմաստնությունն ու հեռատեսությունը պետք է ունենան, որպեսզի թույլ տան, որ այդ աշխատանքներն իրականացվեն համապատասխան պետական կառույցների միջոցով, իսկ Արցախի թեմն իր հոգեւոր ոլորտում, իր պատմամշակութային հուշարձանների, արժեհամակարգի, քրիստոնեական ընթացքի ուղղությամբ պետք է աշխատի ու հաստատվի»,- կարճ հավելեց Սրբազանը։