Որպես  տարեգիր

By Նվարդ Ալեքսանյան Հունիսի 16, 2023 285

Լինելով  Արցախի  հեռուստատեսության  առաջին  լրագրողներից և հինգ տարի աշխատելով,  ինձ համար  առայսօր թանկ ու նվիրական են   հեռուստաարվեստի օգնությամբ  ունեցած իմ բացահայտումները,   որոնք  նաև դաժան պատերազմի կնիքն ունեն։

 Հեռուստալրագրողներիս 1988-ի սերունդը կարողացավ  իր առջև ծառացած դժվարագույն փորձությունը հաղթահարել՝ անցնելով այդ  ժամանակահատվածում մեր ժողովրդին պատուհասած բոլոր  զրկանքների միջով։   Դրանից է,  որ մեր  հեռուստատեսության հանդեպ՝ հեռուստադիտողի   ջերմ  վերաբերմունքն,  այսօր,  երեսունհինգ տարի անց,  չի փոխվել, չնայած  մեզ պարուրած   հեռուստաալիքների  խայտաբղետ հեղեղին։ Եվ Արցախի հեռուստատեսության  առաքելությունն էլ մնացել է նույնը.իր ձայնն    ու  հայացքն ուղղված է հանուրին  և յուրաքանչյուրին։ Ուրեմն,    ժամանակ առաջ գրված այս խոսքն էլ  արդիական  է։

…Քո  մասին շատ է  խոսվել։  Քեզ ունենալու փափագն  երկար տարիներ  մնացել էր արցախցու հոգում բանտված, իբրև հայ ու հայեցի ապրելու, իր երկրի տարեգրությունը նաև հեռատեսիլին  պահ տալու  պարզ ու անպաճույճ  ցանկություն։

Քո ծնունդն անխուսափ էր։ Դու աճել,  զորացել էիր  մեր կարոտներում՝ չկորսվելով  կենսական ու հույժ  խնդիրների  օրավուր թեժացող խառնարանում։

Նախախնամության կամոք, իբրև գոհացում  երկարատև սպասման,  Արցախում  ծնունդդ համընկավ երկրի՝ վասն  արդարության ելած  հրաշամանուկների սրբազան երթին։

Միանգամից հայտնվեցիր  փոթորկուն ու բիբլիական անաղարտությունը պահած   մի աշխարհում,  ուր  բոլոր դեմքերն ու  դեպքերը  հիշարժան էին,  ուր քեզ սպասում էր արտակարգ իրավիճակ,  դժվարին, բայցև՝ պատվաբեր ուղի։

  Չուշացան քո առաջին  զինվորները, որոնց հմայքդ էր առաջնորդում ու գաղտնիքներիդ  հաղորդակից դառնալու  անզուսպ ցանկությունը։ Ոմանք փորձառու էին՝ իբրև  գրչի մարդիկ,  ոմանք էլ նոր-նոր էին ուզում  ընկերանալ բալասան  խոսքի արվեստին։

Բայց դու բոլորի համար առաջին  սեր դարձար։  Հմայքդ անսպառ էր,  երևակայությունդ՝ շքեղ ու տեսանելի և  հաստատուն  տեղ գրավեցիր նրանց հոգում, դարձար թանկ անուն։

Յուրաքանչյուր եթեր խիզախում էր, քանզի հեռուստահաղորդումը պահանջում էր մինչ այդ չիմացած  դժվարությունների հաղթահարում, ուժերի գերլարում։

Իսկ Արցախ  աշխարհում 1988 թվականն էր։ Երկրում վառոդահոտ էր  զդացվում։

Արցախցին կապույտ էկրանից  իրեն էր տեսնում,  բայց ինքն ուրիշ էր, ուրիշ էր իր հայացքը։

Փողոցներն ու հրապարակները հեղեղած՝ մեծի ու մանկան  բռունցքված ձեռքերը՝ ազատություն ու արդարություն  տենչող հոգիների պարզած սաղարթն էր։

 Դու պիտի քայլեիր  նրանց հետ, պիտի բազմադարյա  մեր երկրի պատմության  պանծալի մեկ էջը կերտեիր։

Հայտնությունդ կարևոր էր,  կոչումդ՝ օրհնյալ։ Դու մեկ երևում էիր այս երկրի  քարեղեն՝ հուշարձան  մատյանների  տեսքով,  մերթ  իբրև  հողագործի՝ արևին պարզած  ոսկեհատ ցորեն,  մերթ էլ՝ լքված բնակավայրերի  լռության աղաղակ։ Մոռացության ծանր քողը նահանջում էր  ապրեցնող հիշողությունից։

Իբրև երջանկություն քեզ բաժին էր հասել  ամենաջերմ հեռուստադիտողը։ Քեզ անհամբեր սպասում էին, ուրախանում՝հաջողություններով։

Հարկադիր պատերազմում  հայտնված երկրում քո ձայնը  խաղաղություն էր,  լռությունը՝ աղետ։

Արցախցուն խեղճացնելու համար թշնամին բազմիցս փորձել է լռեցնել քեզ։ Բայց դու, իբրև մարտնչող ոգի, դեռ ճամփա ունեիր անցնելու։ Քեզ վիճակված էր  քայլել գաղթի ու ավերի ճամփաներով։

Տեսաերիզին պահ տվածն իրենց շեն բնակավայրերից զրկված  հայորդիների  կսկիծ-արցունքներն էին, թանկ կորուստները, որոնք պիտի վրեժի ու վերադարձի  լուռ երդում դառնային։

Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարեկից երթդ  համընթաց էր  զինվորի հաղթարշավին՝ մեզ համար  յուրովի մեկնելով  գոյությանդ  ուրախությունը։

Ու եթե  բյուրանուն հեռուստաալիքներ ունեցող  այս խենթ մոլորակի  տարբեր անկյուններում  դու երևում ես  որպես շատ սովորական  երևույթ, ապա արցախցուս համար  մնացիր լավին ու վատին մանկան  անմիջականությամբ  արձագանքող  հեռուստադիտողի սիրով  պարուրված։

Տարիների հիշողությունը  իրավունք է տալիս  մեղմված քնքշանքով  նայել քո գործունեությանը, բայց դա չի խանգարում, որ դու մնաս մշտահմա։ Հեռատեսիլ լինելուց զատ, մեր տարեգիրն ես,  մեր հիշողության  պահոցը։

Դու դարձար նաև լրագրողների  դարբնոց։ Դժվարամատչ աշխատանքի ձևերն ու դաժան ժամանակներն առավել խստորեն  ու բծախնդիր են հղկել քեզ հավատարմագրվածներին։

Քչերը գիտեն  քեզ հատուկ  բարդություններն ու  մտահղացումների իրականացման  դժվարությունները։

Իրենց շատ  հաճախ երկար  ձգվող   աշխատանքային  օրերից հյուսված տարիներն անիվների վրա  անցկացնող  լրագրողներիդ համար՝ ամեն մի հաջողություն՝ հոգու տոն է։ Դու քո հոբելյանին դափնիներ չես ակնկալում, քանզի զինվոր ես և ամենամեծ պարգևդ, իբրև շահած մարտ՝  հեռուսադիտողիդ  վստահությունն է ու արժանապատիվ գործունեությունդ։              

Նվարդ Ալեքսանյան

Last modified on Ուրբաթ, 16 Հունիսի 2023 11:24
© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples